Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Գերասիմ պապի վերջին ատամը

Գերասիմ պապի վերջին ատամը
05.07.2026 | 11:44

Գերասիմ պապի կյանքը լոռվա բնության գրկում էր անցել։ Պատերազմից վիրավոր վերադառնալուց հետո մտել էր անասնապահություն։ Առավոտ վաղ նախիրն արոտի էր տանում, ուշ երեկոյան ետ բերում։ Հատկապես այն ժամանակներում լոռվա անտառներում արջն ու վարազը «ոտքի տակ էին ընկնում»։ Քանի՜-քանի անգամ էր մոշի թփի մի կողմից ինքը մոշ կերել, մյուս կողմից արջը։ Ու թեև երկուսն էլ տեսել էին մեկմեկու, բայց մեկը մյուսին «թթու խոսք չէր ասել», քանզի երկուսն էլ բնության զավակներ էին։ Եվ այսպես, մարդն ու բնությունը սերտաճել էին այնպես, որ Գերասիմ պապի վրայից միշտ բնության հոտ էր բուրում. գարնանը՝ կանաչ խոտի, ծառ ու ծաղկի, աշնանը՝ վայրի տանձի, մոշի ու խաշամի։ Նույն բնության նման էլ մեկ կարող էր ամպրոպի պես որոտալ, մեկ էլ մի խեղճի համար աչքերից «անձրև» կհորդեր այտերն ի վար...

Հետո աննկատ վրա էր հասել ծերությունը։ Որտեղից է գալիս նա, ոչ ոք չգիտե։ Բայց գալիս է աննկատ, գողեգող, սուսուփուս, ու ասում է՝ եկել եմ, թե տղա ես՝ դիմացիր։ Գերասիմ պապը ազնիվ մարդ էր, բնության զավակ, և գողություն ասվածի հետ թշնամի էր, դրա համար էլ չէր կարողանում համակերպվել գողեգող եկած ծերության հետ։ Բարձրահասակ կեցվածքը չէր ճկվել, բայց հոնի ծառի ճյուղից իր ձեռքով սարքած ձեռնափայտը ստիպված էր մշտապես կրել։ Ամեն առավոտ արթնանալուն պես կանգնում էր իր քարաշեն տան պատշգամբում ու հայացքը հառում գյուղամերձ անտառին, որի ծառն ու թուփը հարազատի կարոտ էին արթնացնում հոգում։

Մի առավոտ էլ տնեցիք արթնացան ու տեսան, որ Գերասիմ պապը չկա։ Դես պապ, դեն պապ՝ չկա ու չկա։ Նա մեկ-մեկ գյուղի ծայրին ապրող իր հասակակից ընկերոջն այցի գնալ գիտեր, և Վարդանուշ մոքիրը մեծ տղային ասաց.

- Մի գնա տես հո Ակոփի տուն չի գնացել...

Մեծ տղան գնաց, եկավ, թե՝

- Ակոփ պապը դեռ քնած էր։

Շվարեցին։ Չգիտեին ինչ անել։ Դարձյալ հուշողը Վարդանուշ մոքիրը եղավ.

- Աչքը հանդից չէր կտրում, կա-չկա՝ հանդի վրա է գնացել։

- Դժվար թե, այ մեր, տարիքը հանդի չի,- ասաց մեծ տղան։

- Գնացեք, գնացեք, թե գտաք՝ էնտեղ եք գտնելու,- իրենը պնդեց մոքիրը։

Գնացին։ Գիտեին իրենց հոր սիրած տեղերը։ Հեռվից երևաց բացատը, որի կենտրոնում մի հսկա «լենատերևի» էր կանգնած։

- Թե եղավ, էնտեղ է լինելու,- ասաց մեծ տղան։

- Չէ, հա, էդքան հեռու չէր կարող գնալ,- կասկածեց միջնեկը։

- Կգնա՜ր,- խոսեց փոքրը,- դուք նրա համառությունը չգիտե՞ք... որ մտքին դրեց, փորսող անելով էլ կգնա։

Դեռ բացատի եզրից նկատեցին հորը. ծառի թանձր շվաքում պառկած էր։ Մի պահ անհանգստացան՝ հո բան չի պատահել, բայց երբ նկատեցին, թե ինչպես է ամեն շնչառության հետ բարձրանում-իջնում հզոր կրծքավանդակը, խաղաղվեցին։

- Թող քնի, ձեն չհանեք, մինչև արթնանա,- ասաց մեծ տղան։

Երկար քնեց Գերասիմ պապը։ Հետո արթնացավ, մի լավ ճմլկոտաց, ուղղեց մարմինն ու նկատեց տղաներին։

- Հը, այ հեր, արթնացա՞ր,- ասաց մեծ տղան։

- Գոնե հետդ մի ծածկոց կվերցնեիր,- ասաց միջնեկը,- հանդ է, էլի, մեկ էլ տեսար՝ մրսեցիր։

- Էդ ինչ ես ասում,- խոսեց փոքրը,- մեր հերը տան անկողնում կմրսի, համա հանդում չի մրսի։

Գերասիմ պապը քթի տակ ծիծաղում էր։

- Երևում է փոքրի խելքը ձեզանից շատ է,- ասաց նա,- բա մարդ էս մաքուր օդում կմրսի՞,- հետո ետ թեքվեց, կողքին դրված տոպրակից հանեց Վարդանուշ մոքրի թախծ փռան հաց, նույն ձեռքով պատրաստած ոչխարի պանիր, կանաչ սոխ, կարմիր պոմիդոր, մի շիշ էլ սառը ջուր, որ ձորի գետակից էր վերցրել, դրեց սուփրի եզրին ու մոտ կանչեց տղաներին.- դե նստեք, մի կտոր հաց ուտենք էս մաքուր օդում ու գնանք մեր բանին։

Եղածն ինչ էր չորս տղամարդու համար. ձեռաց վերջը տվին։ Ինչ իմանար Գերասիմ պապը, թե տղաները հետևից գալու են, որ եղածից բոլ-բոլ վերցներ։ Ինչևէ, անուշ արեցին, ապա կամաց բռնեցին տան ճանապարհը։ Տանը Վարդանուշ մոքիրը փորձեց հանդիմանել պապին, բայց նա կարճ կտրեց.

- Դու սու՛ս։ Դու դրանից բան չես հասկանում։

Պապը մի տեսակ ջահելացել էր, բնավ նման չէր ութսունն անց ծերունու։ Ջահելների հետ կատակներ էր անում, սրտանց ծիծաղում իր արած կատակների վրա։ Հետո կամաց դուրս եկավ տանից, իջավ կողքի ձորով հոսող փոքրիկ գետակը, նստեց ափին, հանեց գուլպաները, ոտքերը կախեց սառը ջրի մեջ ու սրտանց «ուխա՜յ» արեց։ Վարդանուշ մոքիրը պատշգամբից նկատեց, ձայն տվեց.

- Գերասիմ, էդ ինչ ես անում, խելքդ թռցրե՞լ ես, հլա քո տարիքին նայի, կմրսես, կհիվանդանաս, դուրս արի ջրից...

- Դու սու՛ս,- ներքևից զայրացավ պապը,- դու ի՞նչ ես հասկանում։

Բայց պարզվեց, որ Վարդանուշ մոքիրը, այնուամենայնիվ, հասկանում էր։ Գերասիմ պապի ատամնացավը կեսգիշերին բռնեց։ Եվ քանի որ տանը սովորություն չունեին հիվանդանալու, ուստի դեղ ու դարման էլ չունեին։

- Գնանք դալլաք Սաքնին զարթնացնենք, թող քաշի,- տեսնելով ցավից պապի դեմքի կնճռոտվելը, առաջարկեց մոքիրը։

- Դու սու՛ս,- անսպասելորեն ըմբոստացավ պապը,- որ մեռնեմ էլ, չեմ թողնի հանեն...

- Խի՛, եղած-չեղած մի ատամ է մնացել, հանի պրծի, էլի։

- Չէ՛, էլ չասես։

Առավոտվա կողմ ցավը սաստկացավ։ Գերասիմ պապը մի տաք շոր գցեց վրան ու դուրս եկավ պատշգամբ, որ տնեցիներն իր մրմունջները չլսեն։ «Թե չէ կզարթնեն ու էլի՝ հանի հա հանի... Աշխարհն էլ վրա գա, չեմ թողնի,- ինքնիրեն մրմնջում էր պապը»։ Զգույշ տուն մտավ, պատուհանի գոգից վերցրեց կլոր եզրերով հայելին, նորից դուրս եկավ պատշգամբ։ Հայելու առաջ բացեց բերանը... Երկար, մենավոր մի ատամ էր, որ ժամապահի պես ձիգ կանգնած էր բերանի հենց մուտքի մոտ։ Պապը մատով փորձեց շարժել... Չէ, չշարժվեց, ամուր էր, բայց ցավում էր անտերը։ Միտքը բան ընկավ, կտրուկ շրջվեց, տուն մտավ, բացեց սառնարանը, հանեց տնական արաղով շիշը և գլխին քաշեց... Նախ պարունակությունը մի քանի րոպե պահեց բերանում, հենց ցավող ատամի վրա, ապա և կուլ տվեց։ Քիչ անց ցավը մեղմացավ։ «Հը, չդիմացա՞ր,- խնդմնդաց պապը,- ուրեմն տեղդ սուս արած մնա, թե չէ արաղախեղդ կանեմ,- ասաց ու թաքուն ծիծաղեց ասածի վրա»։ Ու քանի ցավը կտրել էր, գնաց պառկեց, որ քունն առնի։

Երբ տնեցիք արթնացան, պապը խոր քուն էր մտել։ Անխոս հագնվեցին, անաղմուկ դուրս եկան տանից, նստեցին բակի նստարանին, մաքուր օդում։

- Տեսնես ինչ սատանա է մտել գլուխը, որ էդպես պինդ կպել է մի ատամից,- ինքնիրեն խոսեց Վարդանուշ մոքիրը։

- Ոնց որ վախենում է, հը՞,- կարծիք հայտնեց մեծ տղան։

- Բան գտար ասելու,- զարմացավ միջնեկը,- իր ատամների մի մասն ինքն է դուրս քաշել ունելիով, չի վախեցել, հիմա վախեցող դարձա՞վ։

- Լավ, բա գաղտնիքը որն է,- հարց ուղղեց փոքրը։

- Թե գաղտնիք է, ինչ իմանանանք, թե որն է,- ասաց մեծը։

- Գաղտնիքն էն է, որ կողքը ղալին է,- իր հաստատուն կարծիքը հայտնեց Վարդանուշ մոքիրը,- որ մի անգամ ասել է «չէ», ուրեմն վերջ, իսկը ծմակի արջ։

Մինչ տնեցիները քննարկում էին պապի ատամի հարցը, նա արթնացել էր և ձեռքը գլխի տակ դրած մտքերի մեջ ընկել։ Մտովի գնացել էր հասել Մոզդոկ, գրոհի նետվել, զոհված ընկերներին հանդիպել, զրույց սկսել նրանց հետ... Էհ, հուշեր, հուշեր... Վիրավորվել էր, զորացրվել, եկել՝ տունուտեղ դրել... Հիմա անցած կյանքից ոչ մի բան ու ոչ-ոք չի մնացել, բացի հիշողությունից...

Պապը նորից ձեռքը վերցրեց հայելին, ուշիուշով զննեց բերանում մնացած միակ ատամը և վճռականորեն հայտարարեց.

- Չեմ հանի, չէ՛, աշխարհն էլ վրա գա, չեմ հանի։ Բա իմ ջահելությունից մի բան չմնա՞ ինձ հետ։ Կցավի, կցավի, կհանգստանա...

Օրն անցավ։ Ատամը լուռ էր։ Բայց երեկոյան նորից ցավը բռնեց։ Գերասիմ պապը շտապ բացեց սառնարանի դուռը, գիտակ մարդու հայացքով նայեց տնեցիներին՝ իբր տեսեք, թե սրա հախից ոնց եմ գալու... Մի քանի կում կլկլոցով, հենց շշի բերանից ներս քաշեց, ատամը թմրեցրեց ու բալասանը ներս ուղարկեց։ Մի որոշ ժամանակ հանգստացավ։ Բայց շուտով նորից ցավը բռնեց... Եվ էսպես ողջ գիշեր ոտքի վրա էր։ Շիշն էլ դատարկվեց։ Բայց ատամն ասում էր՝ չէ, աղբեր, ինձ ալկոհոլիկ էլ սարքես, մեկ է, հաղթել չես կարող, ուզես-չուզես՝ հանելու ես։

Առավոտվա կողմ ցավը տասնապատկվեց։ Վարդանուշ մոքիրը մի քիչ վախվորած նորից կրկնեց առաջարկը.

- Գերասիմ, արի գնանք դալլաք Սաքնին խնդրենք, թող ատամդ քաշի, տանջվում ես...

Պապը ցավից մի երկու պտույտ էլ արեց տանով մեկ ու գլխի շարժումով հասկացրեց, որ համաձայն է։ Ջահելները քնած էին։ Վարդանուշ մոքիրը շալն ուսերին գցեց ու պապի հետ տանից դուրս եկավ։ Դալլաքենց տունը մոտիկ էր։ Արթնացրին։ Սաքին քաշեց պապի ցավող ատամը։ Պապը չթողեց, որ դալլաքն այն դեն նետի, հենց աքցանի բերնից խլեց ու դրեց գրպանը։

Ցավն անցավ։ Բայց ողջ ճանապարհին պապի աչքերը խոնավ էին։ Իսկ ձեռքը գրպանում մեղմորեն շոյում էր իր կյանքի վերջին ատամը... իր ջահելությունից մնացած միակ հիշատակը:

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 209

Մեկնաբանություններ